ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի դեմ պայքար՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա

10.04.2018

Հանձնաժողովն ամփոփել է 2017թ. սեպտեմբերին մեկնարկած ՀՀ-ում Մեծ Բրիտանիայիև Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացված Ծրագրի արդյունքները, որը միտված էր բարձրացնելու Հանձնաժողովի գործառույթների իրականացման արդյունավետությունը:
Ծրագիրն ընդգրկել է տարբեր ուղղություններ`
1. կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի բարեփոխումներին առնչվող խորհրդատվություն,
2. հայաստանյան հակակոռուպցիոն համակարգի կարողությունների զարգացում,
3. միջազգային փորձագետի՝ Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքներին աջակցության տրամադրում,
4. աշխատանքային այց Միացյալ Թագավորություն՝ ուսումնասիրելու կոռուպցիայի դեմ պայքարի բրիտանական փորձն ու ժամանակակից զարգացումները:
Միջազգային փորձագետները ներկայացրել են մի շարք առաջարկություններ և ուսումնասիրություններ, որոնք վերաբերում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կարիքների գնահատմանը, պաշտոն զբաղեցնելուց առաջ անձանց գործունեության ստուգումների (background check) իրականացման միջազգային փորձին, այդ թվում՝ ԵՄ, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների, հանրային պաշտոնյաների ակտիվների հայտարարագրերի հրապարակայնացման միջազգային լավագույն փորձին և հայաստանյան հայտարարագրերի համակարգի զարգացմանը:
Թիրախային խմբերի համար Ծրագիրն անցկացրել է դասընթացներ՝ հանրային ոլորտում շահերի բախման կառավարման միջազգային համակարգերը, կոռուպցիայի կանխարգելման միջազգային գործիքները, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում արդյունավետ հաղորդակցումը թեմաներով: Դասընթացներն իրականացվել են մի շարք շահառու կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությամբ և մասնակցությամբ՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնալ» հակակոռուպցիոն կենտրոն և Իրավաբանների հայկական ասոցիացիա, ինչպես նաև՝ կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավված պետական մարմիններ՝ ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ՀՀ քննչական կոմիտե և այլն:
Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքներին իր մշտական աջակցությունն է ցուցաբերել Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի միջազգային փորձագետ Աիդա Սաննեհը: