ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Շահերի բախման նոր կարգավորումները կտարածվեն անձանց լայն շրջանակի վրա

30.03.2018


«Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքով շահերի բախման կարգավորումները կտարածվեն ոչ միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց որոշ խմբի նկատմամբ` ներառելով պաշտոնյաների ավելի լայն շրջանակ՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց, 15000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև հանրային ծառայողների վրա։
Օրենքի համաձայն` շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել: Շահերի բախում առկա չէ, եթե անձնական շահը պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների պատշաճ իրականացման վրա ունի թվացյալ ազդեցություն, որը փաստացի բացակայում է:
Օրենքով ընդլայնվել է շահերի բախման իմաստով փոխկապակցված անձանց շրջանակը՝ պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները:
Օրենքով ներդրվել են շահերի բախման իրավիճակների կառավարման կառուցակարգեր, որոնց համապատասխան՝ մասնավոր շահի առաջացման դեպքում պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին (եթե վերադաս կամ անմիջական ղեկավար ունի) ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ:Վերադաս անձը կամ անմիջական ղեկավարը ձեռնարկում է կամ առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր:
Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձանց մասով սահմանվել է նրանց իրավունքը գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ:
Օրենքով սահմանվել է վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձի պարտականությունը շահերի բախման իրավաիճակի հարցով, որի առկայությունը արձանագրվել է եզրակացությամբ, ներկայացնելու հրապարակային պարզաբանում: Այն հրապարակվելու է այն մարմնի կայքէջում, որտեղ անձը պաշտոն է զբաղեցնում:
Պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի շահերի բախման կարգավորումները սահմանված են ոլորտային օրենքներով: