ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովն անդամակցել է Բարեվարքության ցանց միջազգային նախաձեռնությանը

28.11.2017

    Բարեվարքության ցանց միջազգային նախաձեռնության անդամ երկրների միաձայն հավանությամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դարձել է կազմակերպության անդամ: Նախաձեռնությանն անդամակցում են նաև 4 մայրցամաքներից 13 երկրների հակակոռուպցիոն կազմակերպություններ: Երկրների ցանկը ներառում է Ֆրանսիան, Կորեան, Լատվիան, Խորվաթիան, Հունաստանը, Մեքսիկան, Մոլդովան, Պերուն, Ռումինիան, Սենեգալը, Վրաստանը, Կոտ դ'Իվուարը, Ուկրաինան: Բարեվարքության ցանցի նպատակն է զարգացնել և խթանել բարեվարքության մշակույթը՝ հանրային ոլորտի նկատմամբ վստահության ամրապնդմանը նպաստելու համար: Անդամակցության նախապայմաններ են հանդիսանում անդամակցող կազմակերպությունների անկախությունն և հանրային պաշտոնյաների բարեվարքությանն առնչվող գործառույթների իրականացումը: Անդամ կազմակերպությունների երկրների հանրային ոլորտներում բարեվարքության խթանման նպատակով Բարեվարքության ցանցն իր առջև դրել է մի շարք խնդիրներ, այդ թվում՝ անդամների միջև տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակմանը նպաստելը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացին աջակցելը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատակամ է շարունակելու հանրային էթիկայի համակարգի զարգացմանն ուղղված իր ջանքերը և անդամակցությունը Բարեվարքության ցանցին նպաստելու է միջազգային համագործակցության հարթակների օգնությամբ էթիկայի խթանման լավագույն գործիքների ներդրմանը Հայաստանում: