ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Հայտարարագրման համակարգի բարեփոխումների արդյունքում Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման մասով առաջընթաց է գրանցվել». Ս. Սահակյան

27.11.2017


    Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել «Կոռուպցիայի կանխարգելումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողով, որի ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO)՝ Հայաստանի վերաբերյալ առաջարկությունների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: «Հայտարարագրման համակարգի բարեփոխումների արդյունքում Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման մասով առաջընթաց է գրանցվել։ Արդարադատության նախարարության հետ համատեղ աշխատանքը տվել է իր լրջագույն արդյունքը։ Մեր բազմաթիվ գաղափարները, որոնք մեծացնելու են Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, կյանքի են կոչվել: Ընդլայնվել է հայտարարատուների շրջանակը»,- համաժողովում նշել է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Համաժողովին ներկա են եղել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, GRECO-ի գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոսիտոն եւ այլ բարձրաստիճան այրեր։Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի իշխանությունների՝ հակակոռուպցիոն քաղաքականությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներին եւ ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարի առաջնային խնդիրներն ու առաջարկությունները: «Կոռուպցիայի կանխարգելումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով միջոցառումը նախաձեռնել էին Եվրոպայի խորհուրդը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Դատական իշխանության եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը` «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում: