ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ուժի մեջ է մտել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը

14.07.2017

2017 թվականի հուլիս 1-ից ուժի մեջ է մտել Ազգային Ժողովի կողմից հունիսի 9-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով հիմքեր են ստեղծվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառնական անկախության, հայտարարագրմանն առնչվող կարգավորումների բարելավման, Հանձնաժողովի կողմից հայտարարագրերի վերլուծության գործառույթի արդյունավետ իրականացման համար: Հիշյալ օրենքով Հանձնաժողովին վերապահվել է հայտարարագրմանն առնչվող խախտումների համար վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու գործառույթ:
Հիշյալ օրենքով նախատեսվել է նաև Հանձնաժողովի աշխատակազմի ստեղծում, որի միջոցով Հանձնաժողովն առավել արդյունավետ կիրականացնի իր գործունեությունը:
Միաժամանակ, օրենքով ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը, ինչի արդյունքում հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը կավելանա շուրջ 2000-ով:
Օրենքով սահմանվել են Հանձնաժողովի՝ հայտարարագրերի վերլուծության գործընթացի կանոնակարգման և դրանց վերլուծության համար հայտարարագրերի լրացման և ներկայացման պահանջների պահպանման ստուգման, ինչպես նաև հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգման Հանձնաժողովի լիազորությունները:
Վերոնշյալ օրենքով հայտարարագրերի վերլուծության գործընթացում Հանձնաժողովին վերապահվել է իրավասություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից և արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջել հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ գտնվող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր և ստանալ դրանք՝ բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի:
Հայտարարագրմանն առնչվող խախտումների համար ներդրվել է պատասխանատվության միջոցների համակարգ: Այսպես, հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև հայտարարատուի ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը Հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու, կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար սահմանվել է վարչական պատասխանատվություն: Հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար սահմանվել է քրեական պատասխանատվություն: