ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Պարզաբանում ԶԼՄ հրապարակումների վերաբերյալ

08.04.2016

Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների, թե արդյո՞ք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է «Պանամայի փաստաթղթերի» հիման վրա ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տեղեկացնում է. 
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում մշտապես գտնվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս գործունեության սահմանափակումների, այդ թվում՝ շահերի բախման կանոնակարգումների ենթադրյալ խախտումներին վերաբերող լրատվամիջոցների հրապարակումները:
Ինչ վերաբերում է հրապարկումների հիման վրա արդեն իսկ ձեռնարկված կամ ձեռնարկվելիք քայլերին, ապա «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նախադրյալների առկայության դեպքում Հանձնաժողովն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կկայացնի համապատասխան որոշում:
Միաժամանակ, Հանձնաժողովը հայտնում է, որ վերջին օրերին լրատվամիջոցների հրապարակումներում արծարծված պնդումն այն մասին, թե Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «oֆշորային սկանդալ բացահայտող» մարմին է, չի համապատասխանում ո՛չ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ոգուն և տառին, ո՛չ էլ, առավել ևս, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և առաջադեմ երկրներում գործող կոռուպցիայի կանխարգելման համանման մարմինների առաքելությանը: