ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախաձեռնել է պաշտոնատար անձանց վարքագծի օրինակելի կանոնագրքի մշակման աշխատանքներ

04.02.2016

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքները հանրային կառավարման ոլորտում պաշտոնատար անձանց բարեվարքությունը խթանելու ուղղությամբ: Հանձնաժողովը 2015 թվականին նախաձեռնել էր բարձաստիճան պաշտոնատար անձանց վարքագծի օրինակելի կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներ, որոնց արդյունավետության բարձրացման նպատակով համագործակցել է միջազգային կառույցների և ոլորտի հեղինակավոր փորձագետների հետ: Մասնավորապես, Հանձնաժողովին փորձագիտական աջակցություն է տրամադրվել Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության համատեղ ՍԻԳՄԱ ծրագրի գործընկերների կողմից, ովքեր ծրագրով նախատեսված շարունական աջակցության շրջանակներում 2016 թվականի հունվարի 12-ին և 13-ին այցելել են Հանձնաժողով՝ քննարկելու Հանձնաժողովի կողմից մշակված օրինակելի կանոնագրքի նախագիծն ու դրա ներդրման գործողությունների ծրագիրը: ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետ Վոյտեկ Զիելինսկու և միջազգային փորձագետ Այվե Պեվկուրի հետ հանդիպման արդյունքները ամփոփելուց հետո նախատեսվում են կանոնագրքի նախագծի քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ:
Միաժամանակ, Հանձնաժողովը փորձագիտական կարծիք ստանալու նպատակով 2016 թվականի հունվարի 27-ին քննարկումներ է ունեցել էթիկայի հարցերով փորձագետներ՝ Մայնցի Յոհանես Գութենբերգի համալսարանի ֆակուլտետի դեկան Գերհարդ Քրույփի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչ Քրիստոֆ Հարսդորֆի հետ: