ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը մասնակցել է Ստամբուլ քաղաքում անցկացված «Շահերի բախման օրենսդրական գործիքակազմը» թեմայով տարածաշրջանային սեմինարին

20.10.2015

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը մասնակցել է Արևելյան Գործընկերության և Եվրոպայի Խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքար և աջակցություն պատշաճ պետական կառավարմանը. փողերի լվացման դեմ պայքար» ծրագրի շրջանակում 2015 թվականի հոկտեմբերի 15-ից 16-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված «Շահերի բախման օրենսդրական գործիքակազմը» թեմայով տարածաշրջանային սեմինարին:
Միջոցառման նպատակը շահերի բախման կանխարգելմանն ուղղված օրենսդրական կառուցակարգերի արդյունավետության բարձրացման կամ նոր կառուցակարգերի հնարավոր ներդրման համատեքստում շահերի բախման կանխարգելման ոլորտում համաշխարհային և տարածաշրջանային առաջադեմ փորձի քննարկումն էր և դրա արդյունքներով շահերի բախման տիպային օրենքի նախագծի լրամշակումը:
Սեմինարին ներկա էին վեց պետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա և Բելառուս) հակակոռուպցիոն մարմինների պաշտոնյաներ, փորձագետներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սեմինարի շրջանակներում քննարկումներ ծավալվեցին այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են շահերի բախման վերաբերյալ միասնական օրենքի ընդունման նպատակահարմարությունը, խնդրո առարկայի հետ կապված «հանրային շահ» և «մասնավոր շահ» արտահայտությունների իրավական բովանդակության հարաբերակցությունը՝ քաղաքական, ձեռնարկատիրական գործունեության սահմանափակումները և անհամատեղելիությունը: Առանձնակի ուշադրություն դարձվեց որոշակի խումբ պաշտոնատար անձանց (պատգամավորներ, կառավարության անդամներ, դատավորներ և դատախազներ) շահերի բախման կանխարգելմանն ուղղված օրենսդրական գործիքակազմի բարելավման հնարավոր ուղիներին՝ հաշվի առնելով նաև այդ առնչությամբ միջազգային զարգացումների արդի միտումները: