ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի մասնակցությունը Թբիլիսիում կայացած տարածաշրջանային կոնֆերանսին

19.12.2014

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը 2014 թվականի դեկտեմբերի 15-ին մասնակցել է Արևելյան գործընկերության և Եվրոպայի Խորհրդի «Լավ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակներում Թբիլիսիում կազմակերպված՝ ծրագրի իրականացման ընթացքում ներդրված բարեփոխումների և ձևավորված լավագույն փորձի վերաբերյալ ամփոփիչ տարածաշրջանային կոնֆերանսին: Միջոցառմանը մասնակցել են Արևելյան Գործընկերության պետությունների՝ կոռուպցիայի դեմ պայքար իրականացնող մարմինների պետական ծառայողներ և միջազգային փորձագետներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ: Քննարկվել են ծրագրի ընթացքում իրականացված նախաձեռնությունները, դրանց հաջողությունները և հետագա համագործակցության հնարավորությունները: Միջոցառմանը ներկայացվել են ծրագրի կողմից Հայաստանում իրականացված 4 նախաձեռնությունները՝
ա/ «Ռիսկերի գնահատում. գույքի և եկամուտների հայտարարարագրերի համակարգի բացերը Հայաստանում» զեկույցի պատրաստում,
բ/ Գույքի և եկամուտների հայտարարագրերի վերլուծության և հավաստման ձեռնարկի մշակում,
գ/ «Քաղաքական կուսակցությունների և նախընտրական քարոզարշավների ֆինանսավորման խախտումների բացահայտում» թեմայով դասընթացի մշակում և անցկացում պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար,
դ/ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի վերլուծություն» թեմայով սեմինարի անցկացում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Կոնֆերանսի ժամանակ քննարկվել են նաև ծրագրի կողմից իրականացված նախաձեռնությունների՝ կոռուպցիայի կանխարգելման գործում ազդեցության բարձրացման համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում անհրաժեշտ միջոցառումների իրականացման հնարավորությունները: