ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ճանաչողական այց է կատարել Լիտվա և Լատվիա

25.11.2014


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Հայաստանի պետական հատվածի արդիականացման 2-րդ ծրագրի շրջանակում, 2014 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 21-ը ճանաչողական այց էր նախաձեռնել Լիտվա և Լատվիա, որի նպատակն էր ծանոթանալ Լիտվայի և Լատվիայի կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմներին, պաշտոնատար անձանց գույքի և շահերի բախման հայտարարագրման համակարգերին, էթիկայի կանոնների և շահերի բախման կանոնակարգման գործընթացներին, ինչպես նաև դրանց խախտումների համար կիրառվող պատժամիջոցներին:
Հայաստանյան պատվիրակության կազմում էին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, անդամներ Լիլիթ Պետրոսյանը, Արմեն Խուդավերդյանը և Արտակ Սարգսյանը, ինչպես նաև Հայաստան-Պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը և ՀՀ վարչապետի գլխավոր գործավար Լիլիա Շուշանյանը: 
Լիտվայում հայաստանյան պատվիրակությանն ընդունել են Էթիկայի գլխավոր պետական հանձնաժողովի անդամներն ու աշխատակազմի ղեկավարը՝ հանձնաժողովի նորանշանակ նախագահի գլխավորությամբ՝ ներկայացնելով հանձնաժողովի առաքելությունն ու գործառույթները, Լիտվայի գույքի և շահերի բախման համակարգերը և այլն: Այնուհետև, Հատուկ քննչական ծառայության հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լիտվայի գործընկերները անդրադարձել են իրենց կողմից իրականացվող հակակոռուպցիոն գործողություններին: Վիլնյուսի քաղաքապետարանի էթիկայի հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են հանձնաժողովի ձևավորման և որոշումների կայացման գործընթացները, ինչպես նաև նրանց գործունեությանն առնչվող գործնական խնդիրներ: Այցի ժամանակ տեղի է ունեցել հանդիպում նաև Լիտվայի Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ, որի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին քաղաքացիական հասարակության ներգրավման արդյունավետության բարձրացման հարցեր:
Լատվիա կատարած այցի ընթացքում հայաստանյան պատվիրակությունը աշխատանքային հանդիպում է ունեցել Լատվայի Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման բյուրոյի ղեկավարի և այլ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Լատվիայի կոռուպցիայի կանխարգելման համակարգը, շահերի հայտարարագրման օրենդրությունը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի խթանման Լատվիայի փորձը ու էթիկայի կրթության հարցեր: Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է նաև Պետական եկամուտների ծառայության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են Լատվիայում եկամուտների հայտարարագրման համակարգի և հայտարարագրերի տվյալների հավաստիացման ու վերլուծության գործընթացները, հակակոռուպցիոն հաստատությունների ինստիտուցիոնալ համագործակցությանն առնչվող հարցեր և այլն: Լատվիայի Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն այցի ժամանակ քննարկվել են Լատվիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեության, Լատվիայում իրազեկիչների հետ համագործակցության և նրանց իրավական պաշտպանության վերաբերյալ հարցեր:
     Հայաստանյան պատվիրակության անդամներն իրենց հերթին Լիտվայի և Լատվիայի գործընկերներին են ներկայացրել Հայաստանի հանրային հատվածի էթիկային և շահերի բախմանն առնչվող ձեռքբերումներն ու խնդիրները: