2023 թվականի հունիսի 30-ին ԿԿՀ-ն հանրությանը կներկայացնի դատավորների գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի վերլուծության արդյունքները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է 1inTV-ի տաղավարում:

2023 թվականի հունիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրությանը կներկայացնի դատավորների գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի և փաստացի նրանց կողմից տնօրինվող գույքի վերաբերյալ վերլուծության արդյունքները:

«Մոտ 7000-ից ավելի հայտարարագիր է ստուգվում, ինչը բավականին մանրակրկիտ գործընթաց է: Ուսումնասիրությունները բացառապես իրականացնում է Հանձնաժողովը: Բոլոր այն դեպքերում, երբ Հանձնաժողովը հանգում է եզրակացության, որ անձի մոտ ձեռք բերված գույքի, եկամտի, շահերի, ծախսերի և փաստացի օգտագործվող գույքի մասով առկա են որոշակի անհամապատասխանություններ, Հանձնաժողովը հարուցում է վարչական և միաժամանակ կարգապահական վարույթ և դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար նյութերն ուղարկում ԲԴԽ»:

Անդրադառնալով «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագծին՝ Հանձնաժողովի նախագահը նշել է. «Նախագծի հաստատումից հետո յուրաքանչյուր գերատեսչություն պետք է հաստատի տեղային կոնկրետ գործնական կանոններ՝ օգտվելով այն օրինակներից, որոնք առաջարկում է Հանձնաժողովը:

Նախագծի նպատակն է ձևավորել հանրային ծառայողի օրինական, բարեվարք կերպար, որը գիտակցում է հանրային շահը որպես առավելագույն շահ, հարգում է քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, և իր ամենօրյա գործով ծառայում է այդ իրավունքների և ազատությունների պահպանմանն ուղղված պետական քաղաքակաանությունն անաչառ, հավասար սկզբուքներով իրականացնելուն:

Հանձնաժողովի համար հիմնական գործընկերը քաղաքացին է, որովհետև մենք աշխատում ենք քաղաքացու շահի տեսանկյունից: Պետք է ձևավորվի այն ընկալումը, որ պաշտոնատար անձն ավելի շատ է ենթակա սահմանափակումների, որովհետև նա ուղղակիորեն կարող է ասոցացվել պետական իշխանության հետ: Հուսով եմ՝ առաջիկայում կհասնենք դրան»:

Ամբողջական հարցազրույցը դիտեք այստեղ:

Прокрутить вверх