Իրականացվել է բարեվարքության հարցերով կազմակերպիչների հերթական վերապատրաստումը բարեվարքության համակարգի տարրերի վերաբերյալ

Սույն թվականի մայիսի 21-ին և 22-ին «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ (այսուհետ՝ Հանձնաժողով)  Եվրոպայի խորհրդի (ԵԽ) աջակցությամբ և ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, իրականացրել է երկօրյա վերապատրաստման դասընթաց հանրային իշխանության մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների համար՝ «Հանրային ծառայողների նկատմամբ կիրառելի բարեվարքության տարրերը» թեմայով:

Հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը մասնակիցներին ներկայացրել է բարեվարքության ներպետական համակարգը և ներպետական օրենսդրության կիրառելի նորմերն ու պրակտիկան: Իր հերթին զեկույցով հանդես է եկել և քննարկումները վարել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում միջազգային ճանաչում ունեցող՝ ԵԽ փորձագետ Վալց Կալնինսը՝ ներկայացնելով եվրոպական երկրների փորձը և ԵԽ վերաբերելի չափանիշները:

Դասընթացավարներն առանձին քննարկում նվիրել են հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց քաղաքական զսպվածության և քաղաքական չեզոքության հետ կապված կարգավորումներին՝ պատասխանելով նախընտրական շրջանում կարևորություն ներկայացնող սահմանափակումների վերաբերյալ մասնակիցների հարցերին:

Դասընթացին մասնակցել են բարեվարքության հարցերով 39 կազմակերպիչներ, ինչպես նաև Հանձնաժողովի աշխատակիցներ:

Scroll to Top