Ինչպես արդեն հայտնել ենք՝ 2022 թվականի հունիսի 17-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի N 01-Ն որոշմամբ հաստատվել է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները։
Հաշվի առնելով հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների կարևորությունը և դրանց վերաբերյալ հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ ստորև ներկայացնում ենք կանոնագրքից որոշակի դրույթներ։
ԿԱՆՈՆՆԵՐ՝ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
- Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է օրինակ ծառայել և անձամբ պահպանել վարքագծի այն պահանջները, որոնք ակնկալում է մյուսներից։
- Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հստակորեն տիրապետել հանրային իշխանության մարմնի կամ ստորաբաժանման քաղաքականություններին և նպատակներին, դրանց մասին պատշաճ տեղեկացնել իրեն ենթակա հանրային ծառայողներին։
- Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է, անհրաժեշտության դեպքում խորհրդակցել բարեվարքության հարցերով կազմակերպչի կամ էթիկայի հանձնաժողովի հետ, պատասխանել կանոների պատշաճ իրագործման վերաբերյալ հարցերին։
- Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, պաշտպանել իրեն ենթակա հանրային ծառայողների և այլ աշխատակիցների օրինական շահերը՝ միջամտելով նրանց հանդեպ ոտնձգության կամ այլ անարդար վերաբերմունքի ցանկացած դրսևորման դեպքում։
- Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ենթականերին զերծ պահել ոչ հիմնավոր գործողություններ կատարելուց կամ որոշումներ կայացնելուց, աշխատանքային հարաբերություններում բացառել իր կողմից խտրական վերքագծի դրսևորումները, ինչպես նաև վերադասության լիազորության չարաշահումը։
- Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չտալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին հակասող, ինչպես նաև իր կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս հանձնարարականներ։
- Հանրային ծառայության պետական պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր ենթակայությամբ աշխատող հանրային ծառայողների և այլ աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի գործոությունների և այլ խախտումների վերաբերյալ հաղորդումներ ստանալու դեպքում պարտադիր գործուն քայլեր ձեռնարկել՝ դրանց առնչությամբ հետագա գործողությունների ընթացքն ապահովելու համար։
- Հանրային ծառայողը պետք է ձեռնարկի բոլոր ողջամիտ քայլերն իրեն ենթակա հանրային ծառայողների և այլ աշխատակիցների շրջանում Հայաստանի Հանրապետության օրենքների, կանոնների և հանրային ծառայության սկզբունքների մասին իրազեկվածությունն ապահովելու ուղղությամբ, հետևողական լինի դրանց պահպանմանը։
Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։