Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին:
Հանձնաժողովի նախագահը խոսել է ԿԿՀ-ի կողմից մշակված և հանրային քննարկման ներկայացված «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագծի մասին:
«Հանրային ծառայողների վարքագծի սկզբունքներն ամենօրյա աշխատանքի և աշխատանքից դուրս վարվելակերպի, վարքագծի, ինչպես նաև հանրային հարթակում շփման կանոն դարձնելու տեսանկյունից նման ծավալով, որակով կանոններ ներկայացվում են առաջին անգամ»,- ասել է նա:
Հայկուհի Հարությունյանն ընդգծել է, որ ներկայացվող կանոններն ուղղորդող են դառնալու գրեթե բոլոր տեսակի պաշտոն զբաղեցնող անձանց համար, այդ թվում՝ դատավորների, դատախազների և քննիչների:
«Վարքագծի կանոններն ըստ գերատեսչությունների պետք է ներկայացվեն և տեղայնացվեն՝ ոլորտային առանձնահատկությունները հաշվի առնելով»,- նշել է նա:
Պատասխանելով հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու արգելքի վերաբերյալ հարցին՝ ԿԿՀ նախագահը նշել է՝ քաղաքացիները ևս պետք է հասկանան, որ պաշտոնատար անձին որոշակի շեմից ավելի, որոշակի տեսակի առարկաներ նվիրելը կամ գույքային դրությանն առնչվող որոշակի գործողությունը վերջինիս օգտին իրականացնելն այլևս թույլատրելի չէ:
Անդրադառնալով հյուրասիրության արգելքին՝ Հանձնաժողովի նախագահը նշել է. «Եթե հյուրասիրությունը կազմակերպվում է տվյալ մարդու օգտին կայացվելիք հնարավոր որոշման, գործողության կամ անգործության համար և դա առիթ է դառնում, որ հանրային ծառայողն իսկապես այդ անձի օգտին որոշում կայացնի, գործողություն իրականացնի կամ անգործություն, ապա նախագծով դա նույնպես արգելվում է»:
Հայկուհի Հարությունյանն ընդգծել է, որ վարքագծի կանոնները գործելու են նաև բոլոր նրանց համար, ովքեր հավակնում են զբաղեցնել հանրային պաշտոն, և, որպես թեկնածու, դառնալու են ԿԿՀ-ի կողմից բարեվարքության ուսումնասիրության սուբյեկտ:
Նվերների վերաբերյալ Հանձնաժողովն առաջիկայում կներկայացնի առանձին հայեցակարգ:
Ինչ վերաբերում է կանոնները խախտելու դեպքում պատասխանատվության ենթարկելուն, բոլոր այն դեպքերում, երբ բացակայում է պատասխանատվության ենթարկելու միջոցը, ԿԿՀ-ն օրենսդրական ուսումնասիրությունների արդյունքում կներկայացնի պատասխանատվության միատեսակ միջոցների փաթեթ:
«Հեռանկար» հաղորդաշարի ամբողջական անդրադարձը դիտեք այստեղ։