Ի՞նչ վարքագիծ պետք է ունենա հանրային ծառայողը. Հայկուհի Հարությունյանի հարցազրույցը «Հեռանկարին»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին:

Հանձնաժողովի նախագահը խոսել է ԿԿՀ-ի կողմից մշակված և հանրային քննարկման ներկայացված «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագծի մասին:

«Հանրային ծառայողների վարքագծի սկզբունքներն ամենօրյա աշխատանքի և աշխատանքից դուրս վարվելակերպի, վարքագծի, ինչպես նաև հանրային հարթակում շփման կանոն դարձնելու տեսանկյունից նման ծավալով, որակով կանոններ ներկայացվում են առաջին անգամ»,- ասել է նա:

Հայկուհի Հարությունյանն ընդգծել է, որ ներկայացվող կանոններն ուղղորդող են դառնալու գրեթե բոլոր տեսակի պաշտոն զբաղեցնող անձանց համար, այդ թվում՝ դատավորների, դատախազների և քննիչների:

«Վարքագծի կանոններն ըստ գերատեսչությունների պետք է ներկայացվեն և տեղայնացվեն՝ ոլորտային առանձնահատկությունները հաշվի առնելով»,- նշել է նա:

Պատասխանելով հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու արգելքի վերաբերյալ հարցին՝ ԿԿՀ նախագահը նշել է՝ քաղաքացիները ևս պետք է հասկանան, որ պաշտոնատար անձին որոշակի շեմից ավելի, որոշակի տեսակի առարկաներ նվիրելը կամ գույքային դրությանն առնչվող որոշակի գործողությունը վերջինիս օգտին իրականացնելն այլևս թույլատրելի չէ:

Անդրադառնալով հյուրասիրության արգելքին՝ Հանձնաժողովի նախագահը նշել է. «Եթե հյուրասիրությունը կազմակերպվում է տվյալ մարդու օգտին կայացվելիք հնարավոր որոշման, գործողության կամ անգործության համար և դա առիթ է դառնում, որ հանրային ծառայողն իսկապես այդ անձի օգտին որոշում կայացնի, գործողություն իրականացնի կամ անգործություն, ապա նախագծով դա նույնպես արգելվում է»:

Հայկուհի Հարությունյանն ընդգծել է, որ վարքագծի կանոնները գործելու են նաև բոլոր նրանց համար, ովքեր հավակնում են զբաղեցնել հանրային պաշտոն, ևորպես թեկնածու, դառնալու են ԿԿՀ-ի կողմից բարեվարքության ուսումնասիրության սուբյեկտ:

Նվերների վերաբերյալ Հանձնաժողովն առաջիկայում կներկայացնի առանձին հայեցակարգ:

Ինչ վերաբերում է կանոնները խախտելու դեպքում պատասխանատվության ենթարկելուն, բոլոր այն դեպքերում, երբ բացակայում է պատասխանատվության ենթարկելու միջոցը, ԿԿՀ-ն օրենսդրական ուսումնասիրությունների արդյունքում կներկայացնի պատասխանատվության միատեսակ միջոցների փաթեթ:

«Հեռանկար» հաղորդաշարի ամբողջական անդրադարձը դիտեք այստեղ։

Прокрутить вверх