2022 թվականի փետրվարի 9-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Արդարադատության համակարգի բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ հաղորդակցման ծրագրի մասով վավերացման հանդիպում-քննարկում «Տեխնիկական աջակցություն «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար» բյուջետային աջակցության ծրագրի» հաղորդակցման ավագ փորձագետ Սաշա Ռուշի հետ: Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց նախնական կարիքների գնահատման հիմնական արդյունքները և արդարադատության բարեփոխումների ռազմավարության համար առաջարկվող հաղորդակցման ծրագիրը: Բանախոսություններին հաջորդած քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցները հարցեր ուղղեցին բանախոսին, հայտնեցին առաջարկներ և դիտարկումներ ներկայացված ծրագրի վերաբերյալ:
Հանդիպումը նաև հարթակ դարձավ հաղորդակցման ավագ փորձագետ Սաշա Ռուշի կողմից մշակված «Արդարադատության համակարգի բարեփոխումների հաղորդակցման հատուկ ռազմավարություն», «Հաշվետվություն ՀՀ արդարադատության նախարարության, շահառու այլ կառույցների կողմից արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումների մասին հաղորդակցության ռազմավարության կարիքների վերաբերյալ կարողությունների զարգացման առաջարկություններ» և «Պետական ինստիտուտների հաղորդակցության և տեսանելիության ռազմավարությունների մշակման համառոտ ուղեցույց» փաստաթղթերի քննարկման և կարծիքների արտահայտման համար:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, ՀՀ գլխավոր դատախազության, Արդարադատության ակադեմիայի և ԱՄՆ զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչներ:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ: