Հոկտեմբերի 13-14-ին Երևանի «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, U4 նորվեգական հակակոռուպցիոն ռեսուրս-կենտրոնի և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպված «Կոռուպցիոն ռիսկերի գնահատման իրականացում» խորագրով աշխատանքային կոնֆերանսը։
Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը շնորհակալություն է հայտնել U4 նորվեգական հակակոռուպցիոն ռեսուրս-կենտրոնին և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությանը համատեղ կազմակերպված կոնֆերանսի և Հանձնաժողովի հետ սերտ համագործակցության համար։
Համաժողովին մասնակցել են պետական կառավարման համակարգի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Լիտվայի, Մալայզիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչներ։ Մասնակիցները ներկայացրել են Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի գնահատման փորձը, այս ուղղությամբ մինչև այժմ իրականացված աշխատանքները, խոսել են միջազգային փորձի և գործիքակազմերի մասին:
«Կարող եմ հեշտությամբ ընդունել այն հակափաստարկը, որ իրականության մեջ գուցե որևէ բան քաղաքացիներ տեսանկյունից դեռ չի փոփոխվել, բայց կարծում եմ, որ դա շատ բնական է և նաև իր ինքնուրույն տեղն ունեցող հակափաստարկ կարող է լինել, որովհետև նման տեսակի մասշտաբային գործընթացներն անմիջապես արդյունք չեն ունենում։ Անպես չէ, որ Հանձնաժողովը ձևավորվեց, հաջորդ պահին քաղաքացին կարող էր տեսնել արդյունքը, բայց առնվազն այն գործողությունները, որոնք կատարվել են և կատարվում են այդ ուղղությամբ, վկայում են փոփոխությունների մասին և տեսանելի կլինեն շարքային քաղաքացիների համար գոնե առաջիկա մեկ տարում»,- լրագրողների հետ զրույցում վստահեցրել է Հանձնաժողովի նախագահը։
Հարցին, թե որն է ամենակոռումպացված համակարգը Հայկուհի Հարությունյանը պատասխանել է. «Ամենակոռումպացված համակարգ առանձնացնելը մեր գնահատմամբ ուղղակի միամտություն կլինի, որովհետև եթե մենք դիտարկում ենք կոռուպցիոն ռիսկերի գնատումը որպես համակարգային միջոցառում, ապա դա կիրառելի է պետական կառավարման բոլոր մարմինների՝ այդ թվում նաև տեղական ինքնակառավարաման մարմինների գործունեության շրջանակներում։ Հետևաբար՝ առանձնացնել մեկ մարմին կամ ոլորտ իսկապես միամտություն կլինի»։ Հանձնաժողովի նախագահն առանձնացնում է կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման մի քանի հիմնական քայլեր՝ հանրային իրազեկում, պետական կառավարման մարմիններում նոր նշանակվող պաշտոնյաների բարեվարքության ստուգում։ Կոնկրետ դատավորի, դատախազի, քննիչի թեկնածուի բարեվարքության ստուգման արդյունքում ԿԿՀ-ն հնարավորություն է ունեցել կանխելու իսկապես իր վարքագծով, նախկին աշխատանքային գործունեությամբ որոշակի խնդիրներ ունեցող այնպիսի անձանց մուտքը համակարգ, որոնց վարքագիծը կրկնվելով արդեն վեր էր ածվելու կոռուպցիայի։
Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանն ունի արդեն արձանագրված առաջին հաջողությունը՝ այն է կոռուպցիայի կանխարգելման գրեթե ձևավորված համակարգ։
«Պետական համակարգում պետք է բացահայտվեն կոռուպցիոն ռիսկերը։ Հաճախ է խոսվում այդ մասին և ասվում, որ որևէ ոլորտում առկա է, մեկ այլ ոլորտում՝ ոչ, սակայն անհրաժեշտ է ընդհանուր համակարգային մակարդակում լինի մեթոդաբանությունը, որպեսզի կարողանանք հստակ արձանագրել՝ ինչ ռիսկեր կան, որտեղ կան և ինչ է պետք անել դրանք հաղթահարելու համար»,- նշել է Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը։
Անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությանը՝ Լիլիթ Ալեքսանյանը նշել է, որ մեթոդաբանությունը չկա, որովհետև այսքան ժամանակ Հանձնաժողովը փորձել է հասկանալ, թե որն է այն ճիշտ մեթոդը, որով պետք է իրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատումը։
Թեմայի շրջանակում պատրաստված տեսանյութն ամբողջությամբ՝ սույն հղումով: