Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, կազմակերպում է «Հանրային էթիկայի նորմերի կիրառման առանձնահատկությունները դատախազական և դատական համակարգերում» թեմայով աշխատաժողով, որը տեղի կունենա 2016 թվականի հոկտեմբերի 1-ից 2-ը՝ Դիլիջան քաղաքի «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոցում:
Միջոցառման նպատակը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող դատավորների և դատախազների նկատմամբ հանրային էթիկայի նորմերի կիրառմանն առնչվող հարցերի, հանրային էթիկայի կանոնների կիրառումն ապահովող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և ոլորտային էթիկայի հանձնաժողովների միջև համագործակցության քննարկումն է, ինչպես նաև վերջինիս արդյունքում հանրային էթիկայի համակարգի բարեփոխմանն ուղղված առաջարկությունների մշակումը:
Աշխատաժողովին կմասնակցեն և զեկույցներով հանդես կգան Պորտուգալիայի վերաքննիչ դատարանի դատավոր, Դատավորների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Խոսե Իգրեա Մաթոսը և Սերբիայի Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախկին նախագահ, ներկայիս ՄԱԿ-ի իրավախորհրդատու Զորանա Մարկովիչը: Նրանք կներկայացնեն նաև դատական և դատախազական համակարգերում հանրային էթիկայի կանոնների կիրառման առանձնահատկությունների և ինստիտուցիոնալ մոդելների վերաբերյալ եվրոպական փորձը:
05.09.2016