Բարձր մակարդակի համաժողով` նվիրված բարեվարքությանը և կոռուպցիայի կանխարգելմանը

ԵՄ/ԵԽ գործընկերություն հանուն լավ կառավարման II ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Բարեվարքությունը և կոռուպցիայի կանխարգելումը» թեմայով աշխատաժողով:

Մասնակցել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները, ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների (ԳՐԵԿՈ) գործադիր քարտուղարը, ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային փորձագետներ, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կառավարման համակարգի բարեվարքության հարցերով կազմակերպիչներ:

Աշխատաժողովի ընթացքում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակված հանրային ծառայողների վարքագծի կանոնների նախագիծը: Մասնակիցներին ներկայացվել է վարքագծի կանոնների միասնական ընկալումը, այն ներդնելու մեխանիզմները, որոնք ողջ հանրային ծառայության տիրույթում կձևավորեն համաչափ և նույնական վարքագծի դրսևորում:

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն իր խոսքում նշել է, որ վարքագծի կանոնագրքի միջոցով նպատակ կա կանխելու կոռուպցիոն այնպիսի հնարավոր ռիսկերը, ինչպիսիք են՝ շահերի բախումը, պաշտոնի հետ այլ ցանկացած վճարովի աշխատանքի, բացառությամբ ստեղծագործական աշխատանքի հետ համատեղելիությունը, վճարովի որպես այլ աշխատանքը, այլ սահմանափակումները, ինչպես նաև ազգակցական կապի առկայության պարագայում համատեղ աշխատանքը և այլն. «Սրանք արդեն ամբողջությամբ ինստիտուցիոնալ տարբերակով ներդրվող նոր կանոններ են, որոնց միջոցով հանրային ծառայողի աշխատանքը դառնում է կոռուպցիոն ռիսկերից ավելի զերծ, բայց նաև հաշվետու»:

Եվրոպական պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն դրսևորումների դեմ զրո հանդուրժողականություն ցուցաբերելու Հայաստանի վճռականությունն ու գործուն մեխանիզմները և հույս հայտնել, որ Հայաստանի փորձառությունը կարող է նաև օրինակ ծառայել մի շարք այլ երկների համար: Եվրոպական պատվիրակները նշել են՝ այն երկրներում, որտեղ տիպային կանոններն արդյունավետ կիրառում են, կոռուպցիայի ռիսկերը նվազել են:

«Հայաստանն առաջընթաց է գրանցել, բայց դա չի նշանակում, որ աշխատելու տեղ չկա: Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար, կարծում եմ, պետք է նախևառաջ բարձրացնել հանրային իրազեկումը, ունենալ կայացած ինստիտուտներ և պատրաստակամություն՝ մինչև վերջ գնալու»,- ասել է Եվրոպայի խորհրդի տնտեսական հանցագործությունների և համագործակցության ստորաբաժանման ղեկավար Մուստաֆա Ֆերատին:

Վարքագծի կանոնագրքի եվրոպական մոդելը տեղայնացնելիս Հայաստանը հաշվի է առել նաև մեր երկրի առանձնահատկությունները:

«Պետք է գիտակցենք, որ բացառապես օրինակելի վարքագծի դրսևորմամբ կարելի է նվազեցնել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև բարձրացնել հանրային ծառայության նկատմամբ վստահության մակարդակը»,-նշել է Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը և հավելել, որ Հանրային ծառայության մասին օրենքի շրջանակում դեռևս գործող վարքագծի կանոնների արդյունավետությունն այդքան էլ մեծ չի եղել և ակնկալվում է, որ ներդրվելիք վարքագծի կանոնների միջոցով կառավարման համակարգում ընդգրկված հանրային ծառայողները կդառնան ավելի բարեվարք:

Վարքագծի կանոնագրքով ամրագրված դրույթները չպահպանելը՝ կարող է առաջացնել նախազգուշացումից ընդհուպ աշխատանքից ազատում: Այս գործառույթները պատվիրակված են հանրային ծառայողնի պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Վարքագծի կանոնագրքի առաջին փորձարկումները նախատեսում են ապրիլին:

Прокрутить вверх