Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ու Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը 2022 թվականի ապրիլի 25-28-ը աշխատանքային այցով գտնվել են Ալբանիայի Հանրապետությունում:
Հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել այնպիսի պետական ինստիտուտների հետ, ինչպիսիք են Բարձրագույն դատական խորհուրդը, Բարձրագույն դատախազական խորհուրդը, Հայտարարագրերի և շահերի բախման աուդիտի բարձրագույն տեսչության (HIDAACI), ինչպես նաև ԵԱՀԿ Ալբանիայի գրասենյակի, ԵՄ պատվիրակության, Արդարադատության նախարարության, Ալբանիայի Հելսինկյան կոմիտեի հետ։
Այցելության հիմնական նպատակն էր ուսումնասիրել Ալբանիայում պետական ինստիտուտների բարեփոխման, դատական և իրավական, ինչպես նաև ծանոթանալ կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ինստիտուցիոնալ կառուցակարգերին, դրանց գործառնական ընթացակարգերին, ինչպես նաև արդեն արձանագրված արդյունքներին։ Այցելության թեմատիկ հիմնական թիրախն էր․
- պետական ինստիտուտների բարեփոխման առկա վիճակը,
- դատավորների զտման (vetting) մեխանիզմները, դրա արդյունքները,
- կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ կառուցակարգերը։
Ալբանիայում արդեն իսկ կիրառված և կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ հաջողություններ արձանագրած որոշակի գործիքակազմեր օրենսդրական վերանայումներից հետո կարող են օգտագործվել նաև մեր երկրում:
Ալբանիայում գործում է Բարձրագույն դատախազական խորհուրդ, որը բաղկացած է 11 անդամից՝ դատախազներ, քաղհասարակության և փաստաբանական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբան-գիտնականներ։ Վերջիններիս ընտրում է Ազգային ժողովը մրցութային սկզբունքով ձևավորված և Ազգային ժողով ներկայացրած ցուցակից։ Այն դեպքում, երբ Ազգային ժողովը որևէ թեկնածու չի ընտրում, ապա Ազգային ժողով ներկայացրած ցուցակի առաջին երեք անձինք օրենքի ուժով համարվում են ընտրված։
Ալբանիայում առանձնացված է հակակոռուպցիոն դատախազի ինստիտուտը, որը գործում է անկախ, և ի պաշտոնե չի ենթարկվում երկրի գլխավոր դատախազին:
Ալբանիայի հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքներում բավականաչափ գործառույթներ են վերապահված այդ երկրի արդարադատության նախարարությանը: Ալբանիայի արդարադատության նախարարի տեղակալներից մեկը մոտ 30 հոգուց բաղկացած անձնակազմով հանձնառու է հակակոռուպցիոն պետական քաղաքականության ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպման, դրանց իրականացման համար: Այս աշխատակազմի միջոցով են Ալբանիայում կյանքի կոչվում հանրային իրազեկվածության բարձրացմանը միտված ծրագրերը, դատաիրավական համակարգի բարեփոխումների կառուցակարգերի մշակումն ու իրականացման հսկողությունը:
Ալբանիայում գործում է Ակտիվների և շահերի հայտարարագրման բարձրագույն տեսչական մարմին, որի կառավարումը միանձնյա է և բաղկացած է երկու՝ հայտարարագրերի և կառավարման ստորաբաժանումներից:
Հաշվի առնելով, որ Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ արդեն իսկ որոշակի մեխանիզմներ կան մշակված` Հանձնաժողովի ներկայացուցիչները Ալբանիայի գործընկերների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու համագործակցությունը և կազմակերպել այդ երկրի ներկայացուցիչների համար փոխայցելություններ: