Ապրիլի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը հանդիպում է ունեցել Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) նախագահ Էնթոնի Բանբուրիին և վերջինիս գլխավորած պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Մարիամ Գալստյանը շնորհակալություն է հայտնել պարոն Բանբուրիին IFES-ի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրվող շարունակական աջակցության և կողմերի միջև կայացած փոխշահավետ համագործակցության համար։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև նախանշել են հետագա փոխգործակցության հնարավոր ուղղությունները։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությանն ու հաշվետվողականությանն առնչվող օրենսդրական կարգավորումներին։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել ոլորտային մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ նպատակ ունենալով զարգացնել Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողություններն ու գործիքակազմը:



