Հայաստանում հայտարարատու է շուրջ 35 հազար անձ, որից 9 հազարը բարձրաստիճան պաշտոնյա են, մյուսները՝ նրանց հետ փոխկապակցված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձնինք: Այս տարվանից պարտադիր է դարձել նաև հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերի տարեկան հայտարարագրումը, ընդլայնվել է հայտարարագրվող գույքի շրջանակը: Թեմայի շուրջ «Առաջին ալիքը» զրուցել է ԿԿՀ վարույթների և իրավական ապահովման վարչության պետի հետ:
«Մինչև օրենսդրական փոփոխությունները, հայտարարատու պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի անդամները երբևէ չեն կրել պարտականություն՝ ներկայացնելու իրենց կողմից փաստացի ներկայացվող գույքի մասին տեղեկություններ: 2022-ի հունվարի 1-ից ներկայացվող 2021-ի տարեկան հայտարարագրում պարտադիր է ինչպես ծախսերի մասին տվյալների հայտարարագրումը, այնպես էլ հայտարարատու անձանց կողմից փաստացի տիրապետվող, մասնավորապես, անշարժ գույքի, թանկարժեք գույքի, տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների ներկայացումը»,- նշել է Վարույթների և իրավական ապահովման վարչության պետ Գյուլնարա Սարգսյանը:
Հանձնաժողովն իրավասու է դիմել օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ հայտարարագրերը վերլուծելիս գույքի փաստացի տիրապետումը ստուգելու, անհրաժեշտ տեղեկություն ստանալու համար: Տարեկան հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 31-ն է։
Ըստ Գյուլնարա Սարգսյանի՝ երբ սահմանված ժամկետում չեն ներկայացնում, Հանձնաժողովը գրավոր ծանուցում է այդ մասին, և գրավոր ծանուցումը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագրերը չներկայացնելու դեպքում արդեն ԿԿՀ-ի համար հիմք է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ հարուցելու և, գործի քննության արդյունքներից ելնելով, տույժի միջոցների համար:
2021-ին հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ հարուցվել է 42 վարույթ, 30-ը՝ գրավոր ծանուցումից հետո հայտարարագրերը չներկայացնելու, 10-ը՝ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, 2-ը՝ հայտարարագրերը պահանջների խախտմամբ ներկայացնելու համար:
«Երկուսի դեպքում հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից այդպես էլ չեն ներկայացվել, նյութերը ներկայացվել են այս տարի գլխավոր դատախազություն՝ հանձնաժողով դիտավորությամբ հայտարարագրերը միտումնավոր չներկայացնելու ենթադրյալ հանցագործության դեպքի կապակցությամբ»,- նշել է Գյուլնարա Սարգսյանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիշեցնում և հորդորում է հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեցող անձանց՝ չսպասել վերջնաժակետին. հաշվի առնելով, որ հայտարարագրման ենթակա տեղեկությունները շատ են, իրականացնեն նախապես անհրաժեշտ հարցումները, ներկայացնեն ստույգ, հավաստի տվյալներ՝ խուսափելու վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով նախատեսված պատասխանատվությունից:
«Առաջին ալիքի» ամբողջական անդրադարձը՝ սույն հղումով: