Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեկնարկում է ինտերակտիվ կրթական նախագիծ՝ «Բարեվարքության ճանապարհով» խորագրով առցանց վիկտորինան:
Վիկտորինան նախատեսված է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններում հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց համար: Մասնակցության համար պարտադիր է ունենալ օգտահաշիվ Հանձնաժողովի ուսումնական հարթակում (https://elearning.cpcarmenia.am/):
Այս նախաձեռնության նպատակն է ոչ միայն բարձրացնել պաշտոնյաների իրազեկվածության մակարդակը բարեվարքության համակարգի տարրերի վերաբերյալ, այլև խթանել ինքնակրթությունը և բարեվարք վարքագծի մշակույթը, ինչպես նաև գործնականում ամրապնդել կոռուպցիայի կանխարգելման գործիքների իմացությունը։
Վիկտորինայի հարցերը ներառում են կոռուպցիայի և բարեվարքության համակարգի առանցքային թեմաները, որոնք կարևոր են յուրաքանչյուր հանրային ծառայողի համար: Մասնավորապես՝
- Վարքագծի կանոններ
- Շահերի բախում
- Անհամատեղելիության պահանջներ
- Նվերների ընդունման սահմանափակումներ
- Այլ սահմանափակումներ
- Կոռուպցիայի տեսակներ
Վիկտորինայի մեկնարկը նախատեսվում է նոյեմբերի 25-ին, իսկ ավարտը՝ դեկտեմբերի 4-ին:
Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները ԿԿՀ-ի կողմից կարժանանան հանրային ճանաչման և խրախուսման՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան՝ դեկտեմբերի 9-ին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:
Իսկ բոլոր այն մասնակիցները, ովքեր կհաղթահարեն վիկտորինայի անցողիկ շեմը՝ 80 տոկոսը, կստանան մասնակցության հավաստագրեր:
Բաց մի՛ թողեք Ձեր գիտելիքները գործնականում ցուցադրելու այս հնարավորությունը։

