Ապրիլի 20-ին Վանաձորի բուհերի և քոլեջների մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: ՈՒսանողների այցը Հանձնաժողով կազմակերպվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով նաև այս կերպ երիտասարդներին ծանոթացնել մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությանը և ծրագրերին:
Նախքան Հանձնաժողովի բուն գործառույթներին ծանոթանալը՝ ուսանողները շրջել են աշխատասենյակներում, ծանոթացել կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին և աշխատանքների կազմակերպման ընթացքին:
Այնուհետև Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Սասուն Համբարձումյանն ուսանողներին ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ Հանձնաժողովի լիազորությունները և գործունեության հիմնական ուղղությունները:
Ուսանողների տարաբնույթ՝ Հանձնաժողովում աշխատանքի անցնելու հնարավորությունների, աշխատակազմի ընդլայնման վերաբերող հարցերին պատասխանել են Սասուն Համբարձումյանը և մեթոդական աջակցության վարչության գլխավոր մեթոդաբան Նարինե Ավետիսյանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանօրինակ այցելությունները դարձնել պարբերական: