Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա գործողությունների ծրագրով նախատեսվել է բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի կատարելագործումը, իսկ որպես թիրախային նպատակ՝ 2024 թվականի համար սահմանվել է վերջիններիս գործառույթների իրականացման խոչընդոտների գույքագրումը և նրանց կարգավիճակի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացումը: Ռազմավարական սույն հանձնառության շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, համակատարող մարմինների՝ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և Արդարադատության նախարարության հետ համատեղ, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ, սույն թվականի ապրիլի 11-ին իրականացրել է միջգերատեսչական աշխատաժողով-քննարկում՝ «Բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտը․ խնդիրները և բարեփոխման հեռանկարները» խորագրով: Բացման խոսքով հանդես են եկել Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը, Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչ Տաճատ Ստեփանյանը:
Աշխատաժողովին ներկայացվել են Բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի խնդիրների գույքագրման նպատակով Հանձնաժողովի կողմից իրականացված հարցման արդյունքները, ինչպես նաև այլ գերատեսչությունների կողմից արձանագրված խնդիրները:
Մասնակիցները մտքեր են փոխանակել ինստիտուտի լիարժեք կայացման խոչընդոտների հաղթահարման շուրջ և ներկայացրել ինստիտուտի լավարկմանն ուղղված առաջարկություններ: Աշխատաժողով-քննարկմանը մասնակցել են պետական կառավարման մամինների շուրջ 40 ներկայացուցիչներ: