2026 թվականի հունիսի 22-23-ին Երևանում անցկացվել է «Ռիսկից դեպի բարեվարքություն․ ամրապնդելով տեղական ինքնակառավարումը Հայաստանում» թեմայով երկօրյա աշխատաժողովը, որը կազմակերպվել էր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համագործակցությամբ։
Աշխատաժողովին մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի և Էստոնիայի փորձագետներ։ Միջոցառման ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման, գնահատման և կանխարգելման մոտեցումները, ներկայացվել է միջազգային փորձը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տեղական ինքնակառավարման գործընթացներում բարեվարքության, թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդման կարևորությանը։
Աշխատաժողովի շրջանակում ներկայացվել են տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանական մոտեցումները, ինչպես նաև քննարկվել են դրանց կիրառման գործնական առանձնահատկությունները։
Աշխատաժողովի երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված էր գործնական աշխատանքներին։ Մասնակիցները վերլուծել են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը բնորոշ գործընթացները՝ կիրառելով ծրագրի շրջանակում մշակված կոռուպցիոն ռիսկերի գնահատման հարցաշարը։ Համայնքների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց փորձը, անդրադառնալու կառավարման գործընթացներում առկա հնարավոր ռիսկային իրավիճակներին և գնահատելու առաջարկվող գործիքակազմի կիրառելիությունը համայնքային մակարդակում։ Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել այն հարցին, թե ինչպես կարող են ռիսկերի գնահատման արդյունքները նպաստել համայնքներում բարեվարքության մեխանիզմների զարգացմանը, թափանցիկության բարձրացմանը և նպատակային հակակոռուպցիոն միջոցառումների մշակմանը։
Ծրագիրն իրականացվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» Էստոնիայի և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի աջակցությամբ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համագործակցությամբ։












