Առաջնորդվելով ՀՀ վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 86-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 21-րդ կետի պահանջով* Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում 2023 թվականի ապրիլի 20-ին հրավիրվել էր հանրային քննարկում: Օրակարգում Հանձնաժողովի 2024թ. բյուջեի հայտն էր և 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը:
Հանրային քննարկման նպատակն է բարձրացնել կոռուպցիայի կանխարգելման և դրա հիմնական թիրախների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:
Մասնակցում էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները, որոնց ներկայացվել է ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը, օրենսդրական հիմքերը:
Քննարկման մասնակիցները հանդես են եկել բյուջետային հայտի լավարկման վերաբերյալ դիտարկումներով, մասնավորպես՝ հայտում ավելացնել նկարագրություն՝ նախորդ տարիներին իրականացված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև՝ թե որ ծրագրերն են կրում շարունակական բնույթ և ինչքան ժամանակ է նախատեսվում դրանց իրականացման համար:
Առաջարկվել է ավելի ինտենսիվացնել Հանձնաժողովի և ՀԿ-ների միջև համագործակցությունը:
* ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումների անցկացում իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ և քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ՝ ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ամփոփաթերթ) տեղեկատվության հրապարակում հայտատու մարմինների ինտերնետային կայքերում և ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարություն: