2024 թվականի հոկտեմբերի 24-ից 25-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամ Լիլիթ Ալեքսանյանը՝ որպես բանախոս, մասնակցել է Բեռլինում կայացած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և Թրանսփարենսի ինթերնեշնլի (ԹԻ) կողմից կազմակերպված Քաղաքական բարեվարքության 6-րդ ճամբարին: Միջոցառումն այս տարի նվիրված էր քաղաքական կուսակցությունների արդյունավետ վերահսկողությանը:
Իր ելույթում Հանձնաժողովի անդամը ներկայացրել է 2021 թվականից ի վեր Հայաստանում՝ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման արդյունավետ վերահսկողության ուղղությամբ իրականացված բարեփոխումները: Լ. Ալեքսանյանը ներկայացրել է քաղաքական կուսակցությունների ֆինանսական վերահսկողության՝ Հանձնաժողովին վերապահված գործառույթի շրջանակներում կատարված աշխատանքները, ինչպես նաև Հանձնաժողովի իրավակիրառ պրակտիկայի արդյունքում կարգավորումներում հայտնաբերված բացերը: Անդրադարձ է կատարվել նաև քաղաքական կուսակցությունների ֆինանսական վերահսկողության գործառույթի իրականացման համար նախատեսվող նորարական լուծումներին, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգին և նախատեսվող վերլուծական գործիքներին։