2023թ.-ի հունիսի 26-27-ը Համաշխարհային բանկի խմբի կողմից Վաշինգտոնում անցկացված «Հակակոռուպցիան հանուն զարգացման» (AC4D) միջազգային ֆորումի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հաձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի՝ Սթենֆորդի համալսարանի Ժողովրդավարության, զարգացման և օրենքի գերակայության կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույամային ուղղված հարցը վերաբերում էր ուժեղ պետության կառուցմանը.
Հայկուհի Հարությունյան. «Իմ հարցն ուղղված է պրոֆեսոր Ֆուկույամային, քանի որ նա գիտի, թե ինչպես էի ես ոգեշնչված Ստենֆորդի համալսարանում, և դա հենց այն շարժիչ ուժն էր, որի շնորհիվ պաշտոն զբաղեցրեցի պետական մարմնում և կիրառեցի ու կիրառում եմ ողջ գիտելիքներս, սակայն հիմա ինձ համար նոր բաներ եմ լսում, ինչպես, օրինակ, կոռուպցիայի ուրվագծումը պետականաշինության միջոցով: Ուզում եմ խնդրել, որ առավել մանրամասնեք, թե երկիրը, որ ունի ուժեղ ղեկավարում, բայց թույլ ինստիտուտներ, փխրուն միջավայր և շարունակվող պատերազմ, ինչից պետք է սկսի իր պետականաշինությունը: Շնորհակալություն:»:
Ֆրենսիս Ֆուկույամա. «Ցավոք, Հայաստանն իսկապես ծանր իրավիճակում է, և ես կարծում եմ, որ ինստիտուցիոնալ առաջընթացի ամենակարևոր խոչընդոտը իսկապես աշխարհաքաղաքական է: Այն փաստը, որ Հայաստանը անվտանգային առումով կախված է եղել Ռուսաստանից, ով այնքան էլ լավ «հովանավոր» չէ և, իհարկե, չի ցանկանա խրախուսել ինստիտուցիոնալ բարեփոխումները, դժվարացնում է իրավիճակը: Ուստի ես կասեի, որ այն, ինչ դուք պետք է անեք, պարզապես շարունակեք աշխատել ներքին կարողությունները զարգացնելու համար ոչ միայն ձեր հակակոռուպցիոն կազմակերպությունում, այլև հիմնական պետական կարողությունների առումով՝ ծառայություններ մատուցելու և ժամանակի ընթացքում բավականաչափ մարդկանց պատրաստելու համար: Այստեղ գալիս է այն հարցը, թե որոնք են պետության կարողությունները: Պետության կարողությունները իրականում պարզապես մարդիկ են, որոնք ունեն համապատասխան կրթություն և արդյունավետ ղեկավարման հմտություններ:
Եթե նայեք պետականաշինության հիմնական օրինակներին, որոնց անդրադարձել եմ իմ գրքի երկրորդ հատորում (Բրիտանիա, Պրուսիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ), պետականաշինության բոլոր մեծ նախաձեռնությունները կապված են եղել բարձրագույն ուսումնական հաստատությունների բարեփոխման հետ:
Եվ այսպես, Պրուսիայում, օրինակ, Հումբոլդտի բարեփոխումները և կրթությունը կարևոր նշանակություն են ունեցել պետության արդիականացման համար, 19-րդ դարի կեսերին Օքսֆորդի և Քեմբրիջի բարեփոխումները՝ Բրիտանիայի համար, իսկ ֆրանսիացիները ստեղծեցին խոշոր կրթական հաստատությունների մի ամբողջ շարք:
Մի բան իսկապես ինձ է շատ հետաքրքրել բանկերի կրթական քաղաքականության հետ կապված, այն է, որ հասկանալի պատճառներով նրանք կենտրոնացել են բազային K-12 կրթության վրա, բայց, իրականում, եթե դուք նայեք նրանցից շատերին, դրանք զարգացման հաջողության պատմություններ են, որոնք առաջացել են էլիտաների փաստացի զարգացման արդյունքում, որոնք կարող են հաջողությամբ ղեկավարել կառավարությունը:»:
Տեսանյութը՝ հղումով:
Նշենք, որ 2023թ.-ի հունիսի 26-27-ը Համաշխարհային բանկի խումբը Վաշինգտոնում հյուրընկալել է «Հակակոռուպցիան հանուն զարգացման» (AC4D) միջազգային ֆորումը, որն իր շուրջ համախմբել է մոտ 150 գործընկերներ, առաջնորդներ, ինչպես նաև ներկայացուցինչներ տարբեր կառավարություններից, մասնավոր ձեռնկարկություններից, քաղաքացիական հասարակությունից, հիմնադրամներից և այլ միջազգային զարգացման կազմակերպություններից, որոնք աշխատում են հակակոռուպցիոն և բարեվարքության ոլորտում:
Ֆորումի ընթացում, գիտակցելով կոռուպցիայի բարձր սոցիալական և բնապահպանական ծախսերը, Համաշխարհային բանկը վերահաստատել է իր հանձնառությունը հակակոռուպցիան՝ որպես զարգացման առաջնահերթություն, և ձգտում է խթանել գործընկերությունը այլ շահագրգիռ կողմերի հետ, ովքեր աշխատում են ավելի լավ կառավարման և բարեվարքության ուղղությամբ:
Ֆորումի անցկացումը հնարավոր է դարձել Համաշխարհային բանկի խմբի, Թրանսփարենսի Ինթերնեյշնլի, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործության հարցերով գրասենյակի, U4 հակակոռուպցիոն ռեսուրս կենտրոնի, Չենդլերի հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի (FCDO), Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության շնորհիվ: