Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամ Արամայիս Փաշինյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հանձնաժողովի՝ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթին, կուսակցությունների ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրմանը, կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգմանը, առաջացած խնդիրների օբյեկտիվ և սյուբեկտիվ պատճառներին, օրենքում առկա բացերին:
Քննարկվել են կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգի և նրանց ներկայացվող պահանջների, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգին ուղղված այլ կարգավորումներ:
Արամայիս Փաշինյան – «Մենք որոշեցինք մեր կանխարգելման մանդատի շրջանակներում առաջին տարվա շրջափուլի արդյունքում բացահայտված խնդիրներին իրավական հետևանքներ չառաջացնել և համապատասխան օրենսդրական փոփոխությամբ առաջարկով դիմեցինք Ազգային Ժողով: Փոփոխություններն ընդունվեցին, և կարելի է ասել, որ մեր փորձի կիրառումը պիլոտային և իրազեկման բնույթ ստացավ, գույքագրեցինք բոլոր խնդիրները:»:
Ասել է թե՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների նախորդ տարվա ուսումնասիրությունը հուսադրող չի եղել, սակայն քաղաքական ուժերի նկատմամբ համաներում է կիրառվել: Արամայիս Փաշինյանը վստահեցրեց, որ անխտիր բոլոր կուսակցությունների ֆինանսական հաշվետվություններում բազմաթիվ խնդիրներ և օրենքի հետ անհամաձայնությունններ են արձանագրվել:
Արամայիս Փաշինյան – «(…) Եթե հանձնաժողովը կիրառեր օրենքով սահմանված պահանջները, բոլոր կուսակցությունները պետական ֆինանսավորման խնդիր էին ունենալու: «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նվիրատուների շրջանակ է սահմանված. չեն թույլատրվում նվիրատվություններ անանուն կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանցից, պետք է առկա լինեն նվիրատուների անձնագրային տվյալները, ինչը գրեթե բոլոր քաղաքական ուժերի ֆինանսական հաշվետվություններում բացակայել է: (…) Անկանխիկ եղանակով պետք է լինեն նվիրատվություններ, բայց որոշ դեպքերում կանխիկ էին իրականացվել, իրավաբանական անձանցից նվիրատվություն չի թույլատրում, օրենքով սահմանված էր մեկ անձի առավելագույն շեմ, կային բազմաթիվ խախտումներ: Այնուհետ ոչ միայն դրամական նվիրատվությունները, այլև ոչ դրամային՝ բնամթերային, օրինակ, տարածքի անհատույց օգտագործում և այլն, պետք է ներառվի տարեկան ֆինանսական հաշվետվության մեջ, սակայն առկա էին խախտումներ:»:
Հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=TqK4Ne7Zt6w