Հունիսի 1-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղի ունեցավ «Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով աշխատաժողովի ամփոփումը, որը ենթադրում էր նաև միջազգային փորձագետների կողմից հանրակրթության ոլորտի համար մշակված նյութերի՝ հայկական միջավայրի համար տեղայնացման հնարավորությունները: Հանդիպմանը ներկա էին Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները, ԵՄ Թվինինգ ծրագրի փորձագետները, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, «Փրոջեքթ Հարմոնի» ընկերության հայաստանյան գրասենյակի, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ, վերապատրաստողներ:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ կարծիքների փոխանակում, աշխատաժողովի մասնակիցները կիսվեցին իրենց դիտարկումներով:
Ներկաները քննարկեցին ԵՄ փորձագետների կողմից հանրակրթության ոլորտի համար մշակված հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ նյութերը, ինչպես նաև դրանք ինստիտուցիոնալ առումով ներդնելու հնարավորությունները:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է միջազգային փորձագետների կողմից 100 ուսուցիչների և վերապատրաստողների վերապատրաստում, որոնք այնուհետ իրենց գիտելիքները և կարողությունները կփոխանցեն մյուս ուսուցիչներին:
Վերապատրաստումներն իրականացվելու են երկու հիմնական ուղղություններով՝ հակակոռուպցիոն կրթության մասնագիտական վերապատրաստումներ հասարակագիտության ուսուցիչների համար և հակակոռուպցիոն կրթության ընդհանուր վերպատրաստում կրթության կազմակերպիչների և մյուս առարկաների ուսուցիչների համար: