Մարիամ Գալստյանը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը

Սեպտեմբերի 11-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է Հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը:

Հաղորդման մեջ ամփոփված են Հանձնաժողովի գործունեության հիմնական արդյունքները, վիճակագրական տվյալները, առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև նախանշված ռազմավարական զարգացման հետագա ուղղությունները:

Մ. Գալստյանն ընդգծել է, որ 2024 թվականին Հանձնաժողովի գործունեությունն ընդգրկել է մի շարք ուղղություններ։ Այսպես՝ աշխատանքներ են տարվել հանրային ծառայության բարեվարքության համակարգի կայացման ու շարունակական զարգացման, հայտարարագրման գործընթացի արդյունավետ կազմակերպման, հայտարարագրերի վերլուծության, կուսակցությունների ֆինանսական վերահսկողության գործառույթի իրականացման միջոցով թափանցիկության և հաշվետվողականության ապահովման ուղղությամբ: Բացի այդ, 2024 թվականի ընթացքում Հանձնաժողովի աշխատանքը ներառել է բարեվարքության ուսումնասիրության գործիքի միջոցով բարեվարքության տեսանկյունից ռիսկային անձանց մուտքը և ընթացիկ պաշտոնավորումը պետական համակարգում կանխելու, կոռուպցիոն ռիսկերի գնահատման ինստիտուտի ներդրման առնչությամբ նախապատրաստական միջոցառումների իրականացման, հակակոռուպցիոն կրթության ու հանրային իրազեկման բարձրացման ուղղությունները: Նախորդ տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել նաև Հանձնաժողովի թվային գործիքների շրջանակի ընդլայնման և կատարելագործման ուղղությամբ:

Հաղորդմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/LhclA:

 

Scroll to Top