Մարիամ Գալստյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին

Մարտի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերը, ինչպես նաև Հանձնաժողովի առաջնահերթությունները և դրանց շրջանակներում հետագա համագործակցության հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաև Հանձնաժողովի գործունեության ոլորտներում վերջին տարիներին արձանագրված մի շարք ձեռքբերումներին, մասնավորապես՝ կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության, բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից բարեվարքության համակարգի տարրերի պահպանմանը հետևելու գործառույթների իրացման ոլորտներում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու և խորացնելու համագործակցությունը՝ ուղղված թափանցիկ և հաշվետու կառավարման համակարգի ամրապնդմանը։

Scroll to Top