Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) շարունակելով դպրոցական համայնքի ներկայացուցիչների՝ մանկավարժների և ծնողների հետ հանդիպումներն ու կրթական ծրագրերի իրականացումը, հունիսի 3-ին և 4-ին հյուրընկալել է Երևանի տարբեր ուսումնական հաստատություններից շուրջ 30 մանկավարժների և ծնողների, մասնավորապես՝ «Հայ Կրթություն» կրթական հիմնադրամ, «Քվանտ» վարժարան, «Արեգնազան» կրթահամալիր, Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոց, «Երևակ» կրթահամալիր, ՄՊՀ Մասնաճյուղի Երիցյան Վարժարան:
Համանման հանդիպումների հիմնական նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության ոլորտի շահագրգիռ կողմերը կկարողանան ոչ միայն ծանոթանալ կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմերին, այլև հանդես գալ նախաձեռնություններով՝ համատեղ արդյունավետությունն ապահովելու համար։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացել են կոռուպցիայի կանխարգելման իրավական ու ինստիտուցիոնալ մեխանիզմներին, առկա կառուցակարգերին, ինչպես նաև կազմակերպվել են քննարկումներ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղված ջանքերի շուրջ:
Կոռուպցիայի կանխարգելումը պետք է սկսվի հենց վաղ տարիքից՝ դպրոցական միջավայրից։ Միայն պատասխանատու վերաբերմունքն ու արժեհամակարգը կարող են երկարաժամկետ արդյունքներ ապահովել կոռուպցիայի կանխարգելման գործում։