Կոռուպցիայի նկատմամբ «զրո հանդուրժողականություն» ունեցող միջավայրի ձևավորումը հնարավոր է միայն հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությամբ։ Ուստի Հանձնաժողովը կազմակերպում է քննարկումներ ոչ միայն սովորողների, այլ նաև դպրոցական համայնքի ներկայացուցիչների՝ ուսուցիչների, ծնողների համար, ովքեր կարևոր դերակատարում ունեն ապագա սերունդների արժեքային համակարգի ձևավորման գործում:
Վերոնշյալով պայմանավորված՝ մայիսի 27-ին և 29-ին, կազմակերպվել են իրազեկման հանդիպումներ «Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով՝ Երևանի միջնակարգ դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների հետ:
Քննարկումներին մասնակցել են թվով 45 ներկայացուցիչ՝ 8 ուսումնական հաստատություններից, մասնավորապես՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրից, Հայ-չինական բարեկամության դպրոցից, Ա. Շահինյանի անվ. Ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցից /ԳԱՈՒՍ/, Երևանի «Այբ կրթական հանգույց» հիմնադրամից, Երևանի «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամից, Երևանի «Ուսում» միջնակարգ դպրոցից, Երևանի «Փոքրիկ իշխան» գիտափորձարարական կրթահամալիրից:
Համանման հանդիպումների նպատակն է մասնակիցներին ծանոթացնելու կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմերին՝ ինտերակտիվ/մասնակցային աշխատանքների միջոցով, ինչպես նաև նպաստել թափանցիկության, բարեվարքության և պատասխանատվության մշակույթի ձևավորմանը դպրոցական համայնքում։