2026 թվականի հունիսի 29-30-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, «Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով, հանդիպումներ է անցկացրել Ալավերդի և Ստեփանավան համայնքների հանրակրթական 17 դպրոցների 71 մանկավարժների և դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների մասնակցությամբ։
Հանդիպումներն անցկացվել են ինտերակտիվ, մասնակցային ձևաչափով, որի ընթացքում ներկայացվել են Հանձնաժողովի լիազորությունների շրջանակը, գործունեության հիմնական ուղղություններն ու կոռուպցիայի կանխարգելման հիմնական գործիքները: Քննարկվել են նաև «կոռուպցիա» հասկացությունը, դրա հիմնական դրսևորումներն ու տեսակները, ինչպես նաև հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման հիմնական առաջնահերթությունները:
Մասնակիցների ներգրավվածությամբ կազմակերպվել են քննարկումներ կոռուպցիայի տարբեր դրսևորումների շուրջ և անցկացվել խմբային աշխատանքներ: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է մանկավարժների և ծնողների առանցքային դերը սովորողների շրջանում հակակոռուպցիոն արժեքների, բարեվարքության մշակույթի և կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորման գործում։










