Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շարունակելով կրթական միջոցառումների իրականացումը՝ սեպտեմբերի 18-ին, 19-ին և 22-ին հյուրընկալել է Երևանի թվով 18 ավագ դպրոցների շուրջ 70 մանկավարժների և դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների: «Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» խորագրով միջոցառման նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը կոռուպցիայի վտանգների վերաբերյալ և ընդգծել նրա կանխարգելման գործում կրթության և դաստիարակության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Աննա Մանուկյանը ներկայացրեց այն մեխանիզմները, որոնցով մանկավարժներն ու ծնողները կարող են նպաստել երիտասարդ սերնդի մոտ հակակոռուպցիոն արժեքների ձևավորմանը, շեշտը դնելով էթիկական նորմերի, պատասխանատվության, արդարության սկզբունքների ձևավորման և զարգացման վրա։ Մասնակիցները համակարծիք էին, որ երեխաների և դեռահասների կրթության և դաստիարակության մեջ այս սկզբունքների ներդրումը հիմնաքարային է ապագա քաղաքացիների համար, ովքեր պետք է դառնան կոռուպցիան մերժող հասարակության կերտողները։
Հանդիպմանը ներկա մասնակիցները նշեցին, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսվի վաղ տարիքից՝ ընտանիքում և դպրոցում, որտեղ ձևավորվում է անհատի արժեքային համակարգը։ Միջոցառումը լի էր ինտերակտիվ քննարկումներով և հարցուպատասխանով, ինչը մասնակիցներին թույլ տվեց կիսվել իրենց մտքերով և փորձով։