Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով 2022 թվականին պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել էր աշխատանքային քննարկում:
Ինչպես արդեն հրապարակվել էր, մեկնարկել է պարտադիր աուդիտի ենթակա 11 կուսակցությունների աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացը, որն արդեն ավարտական փուլում է:
Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրեց, որ մինչև ընթացիկ ամսվա ավարտը նախատեսվում է սկսել կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի աշխատանքները, ուստի անհրաժեշտ է մինչ այդ ավարտել հաշվետվությունների պատրաստման աշխատանքները։ Հաշվետվության ձևի և դրա լրացման կարգի նախագիծը նախապես տրամադրվել էր կուսակցություններին և քննարկվել նախորդ հանդիպումների ընթացքում։
Կուսակցությունների ներկայացուցիչները հիմնականում բարձրացրել են անդամավճարների և նվիրատվությունների հետ կապված հարցեր։ Մասնակիցները մտահոգություն են հայտնել, որ բանկերով և այլ վճարային տերմինալներով կատարվող նվիրատվությունների դեպքում հաճախ իրենց հասանելի չեն լինում վճարողների անձը հաստատող փաստաթղթի տվյալները, մինչդեռ դրանք պահանջվում է ներառել տարեկան հաշվետվության մեջ։ Արամայիս Փաշինյանը նշեց, որ «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված են կուսակցություններին կատարվող նվիրատվությունների, անդամավճարների մուտքի վճարների հետ կապված մի շարք սահմանափակումներ, որոնք վերահսկելու նպատակով անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի տվյալներով նույնականացնել նվիրատուներին։ Մասնակիցների կարծիքով պետությունը պետք է բանկերի հետ աշխատանք տանի այս ուղղությամբ, կուսակցություններին կատարվող նվիրատվությունների դեպքում անձը հաստատող փաստաթղթի տվյալները պարտադիր վավերապայման սահմանելով։