2023 թվականի մարտի 24-ին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, տեղի է ունեցել հերթական հանրային քննարկումը կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկման օրակարգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության բաժնի կողմից մշակված և շրջանառված՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն էր:
Հանրային քննարկման ընթացքում կուսակցություններին ներկայացվեց առաջարվող փոփոխությունների նախագիծը, մասնավորապես՝
· կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման և հրապարակման նոր կարգը և ժամկետները,
· կուսակցությունների աուդիտի ենթակա լինելու հանգամանքը ըստ ներկայացված տարեկան հաշվետվության պարզելու կարգավորումը,
· կուսակցությունների կողմից անհրաժեշտ տեղեկությունների ներկայացման պահանջի վերացմանն առնչվող կարգավորումը,
· կուսակցությունների տարեկան հաշվետվություններում առկա անհամապատասխանությունների, սխալ կամ ոչ ամբողջական այնպիսի տվյալներ հայտանաբերելու դեպքում, որոնք չեն պարունակում վարչական կամ քրեական իրավախախտման հատկանիշներ, կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման գործընթացը կասեցնելու և կուսակցությանը շտկումներ կատարելու, իսկ չշտկելու դեպքում՝ դիրքորոշում ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու կարգավորումը,
· կուսակցությանը նվիրատվություններ կատարող, մուտքի վճարներ և անդամավճարներ վճարող անձանց նույնականացման ապահովման նպատակով անհրաժեշտ նույնականացնող տվյալների պահանջի կարգավորումը,
· վարչական իրավախախտումներին առնչվող կարգավորումները:
Հնչեցին մի շարք առաջարկներ, օրինակ՝
· նվիրատվությունների որոշակի շեմի դեպքում չհրապարակել նվիրատուի անունը և ազգանունը,
· կուսակցությունների գլխավոր գրասենյակների և տարածքային ստորաբաժանումների դեպքում սահմանել բացառություն՝ դրանց արժեքները չհաշվառելով նվիրատվության սահմանաչափում,
· մշակել բնեղենով նկիրատվությունների արժեքի հաշվարկման հստակ կարգ կամ մեթոդաբանություն,
· պետական գրանցում պահանջող գրանցումները կատարելու համար առաջարկվող ժամկետները երկարացնել՝ սահմանելով մեկ շաբաթ,
· և այլն:
Կուսակցությունների ներկայացուցիչներին առաջարկվեց հանրային քննարկման ընթացքում հնչած բոլոր առաջարկները, իսկ այլ առաջարկների դեպքում դրանք ևս ամփոփել և ներկայացնել գրավոր՝ նախագծերի փաթեթում ներառելու համար: