Կուսակցությունների ֆինանսավորման տարեկան սահմանաչափերի հաշվարկի վերաբերյալ պարզաբանում

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կուսակցությանը մեկ տարվա ընթացքում տրամադրվող նվիրատվությունների, անդամավճարների և մուտքի վճարների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 1 մլրդ ՀՀ դրամը, իսկ մեկ ֆիզիկական անձի կողմից՝ 10 մլն ՀՀ դրամը:

Նշված սահմանաչափերի մեջ չեն ներառվում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցությունների նախընտրական հիմնադրամներին կատարված մուծումները։

Միաժամանակ, «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցության (կամ կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձևավորվում է տվյալ կուսակցության կամ դաշինքի անդամ կուսակցությունների կողմից կատարված մուծումներից։

Այս իրավակարգավորումների համադրման արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսակցության տարեկան առավելագույն սահմանաչափի պահպանվածությունը գնահատելիս հաշվի է առնելու տարվա ընթացքում ստացված նվիրատվությունների, անդամավճարների և մուտքի վճարների, ինչպես նաև նախընտրական հիմնադրամին փոխանցված և այդ նպատակով ծախսված գումարների հանրագումարի տարբերության ցուցանիշը։

(Նվիրատվություններ + Անդամավճարներ + Մուտքի վճարներ) − (Նախընտրական հիմնադրամին փոխանցված և այդ նպատակով ծախսված գումարներ)

Կարևոր է ընդգծել, որ սահմանաչափի պահպանվածությունը գնահատվելու է ոչ թե տարվա որևէ առանձին պահի դրությամբ, այլ ամբողջ հաշվետու տարվա կտրվածքով՝ տարեկան ընդհանուր հաշվարկի հիման վրա։

Scroll to Top