Սեպտեմբերի 18-ից 22-ը ԵՄ թվինինգ ծրագրի շրջանակում Հանձնաժողովի աշխատակիցների համար կազմակերպվել էր վերապատրաստում պետական մասնակցությամբ կազմակերպություններում բարեվարքության համակարգի և կոռուպցիոն ռիսկերի կառավարման վերաբերյալ՝ տեսական և գործնական դասընթացների զուգակցմամբ:
Տեսական մասում վերապատրաստման մասնակիցներին ներկայացվել են՝
- պետական մասնակցությամբ կազմակերպություններում կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության ապահովման և կոռուպցիոն ռիսկերի կառավարման միջազգային շրջանակը (Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիա (UNCAC), ՏՀԶԿ-ի սկզբունքներ, G20-ի բարձր մակարդակի սկզբունքները (HLP))․
- ներպետական կարգավորումները և նոր հակակոռուպցիոն ռազմավարության նախագծվող շրջանակում ներկայացված առաջարկները․
- պետական մասնակցությամբ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի կառավարման մեթոդաբանության հիմնական գծերը:
Վերապատրաստման երկրորդ մասը ենթադրում էր մեթոդաբանությանը կից մշակված ռիսկերի մատրիքսի միջոցով կոռուպցիոն ռիսկերի գնահատում՝ որպես օրինակ դիտարկելով Հանձնաժողովի մասնագիտական ստորաբաժանումների գործառույթները: Գնահատման արդյունքների հիման վրա մասնակիցների կողմից մշակվել է գործողությունների պլան՝ ռիսկերի մեղմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների, դրանց իրականացման պատասխանատու անձանց և ժամկետների նախատեսմամբ:
Ծրագրի շրջանակում վերապատրաստված մասնակիցները հետագայում հանդես են գալու որպես վերապատրաստողներ պետական մասնակցությամբ կազմակերպություններում վերապատրաստումների կազմակերպման համար: