Հունվարի 24-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակիցները ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի փորձագետների հետ այս անգամ այցելել էին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոց, որտեղ Ծրագրի շրջանակներում նախորդ առաքելությունների ընթացքում մշակված հակակոռուպցիոն հանրակրթական նյութերը և մեթոդները փորձարկվեցին ուսուցիչների շրջանում, որին ներկա էին թվով 17 մասնակիցներ:
Որպես բանախոս ընտրվել էր Ծրագրի շրջանակներում վերապատրաստված հասարակագիտության ուսուցիչ Ջուլիաննա Թադևոսյանը, ով գործնականում միջազգային փորձագետների կողմից մշակված նյութերը փորձարկեց տարբեր առարկաններ դասավանդող ուսուցիչների շրջանում: Նյութերի վերաբերյալ մասնակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ հետագայում տեղայնացման նպատակով:
Բանախոսը անդրադարձավ մի շարք թեմաների՝ կոռուպցիայի ընկալման, սահմանումների և տեսակների, պատճառների, «գնի»՝ ընդգծելով կոռուպցայի նկատմամբ զգայուն վերաբերմունքի ամրապնդումը հենց դպրոցական մակարդակից:
Մասնակիցները քննարկումների ընթացքում ընդգծեցին կրթական համակարգի բոլոր մակարդակներում հակակոռուպցիոն կրթության որակի և արդյունավետության բարձրացման կարևորությունը:
Հանդիպման ավարտին փորձագետները կիսվեցին աշխատաժողովի վերաբերյալ իրենց դիտարկումներով՝ ընդգծելով, որ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությունը և դրա դեմ պայքարը պետք է դարձնել հասարակության արժեհամակարգի մաս և քաղաքացիների մեջ ձևավորել կոռուպցիան անձնապես մերժելու վարքագիծ: