Արդյունավետ հակակոռուպցիոն պայքարի գործում առանցքային նշանակություն ունի հակակոռուպցիոն կրթության և իրազեկման թիրախային քաղաքականության մշակումը և իրականացումը, որը պետք է ուղղված լինի հակակոռուպցիոն բարեփոխումներում հանրային ավելի մեծ ներգրավվածություն և աջակցություն ապահովելուն, հանրության մոտ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթ ձևավորելու կայուն հիմքեր արմատավորելուն:
Վերոնշյալ մարտահրավերներով պայմանավորված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի փորձագետների, ինչպես նաև «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում, հունվարի 25-ին կազմակերպել էր հերթական Աշխատաժողովը հասարակագիտության թվով 22 ուսուցիչների համար:
Հանդիպման ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել Ծրագրի փորձագետներ Սվեն Իվենսը և Թորստեն Փիթերսը:
Միջազգային փորձագետների կողմից մասնակիցներին ներկայացվել են մի շարք թեմաներ՝ կոռուպցիայի ընկալման, դրա սահմանումների և տեսակների, պատճառների, «գնի», դպրոցական միջավայրում մոդելների տեղայնացման, կոռուպցիային նպաստող պատճառների վերլուծության վերաբերյալ: Մասնակիցները բեմադրել են նաև դերային խաղեր և իրենց գործնական աշխատանքները ներկայացրել «թանգարան» և մի շարք այլ մեթոդների կիրառությամբ:
Աշխատաժողովի ընթացքում հնչել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ: