Կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքը Հայաստանում. 1520 հոգու շրջանում իրականացված ուսումնասիրության արդյունքները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությունն առավել նպատակային և հասցեական կազմակերպելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան հիմնադրամն իրականացվել է Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն։ Տվյալների հավաքագրումն իրականացվել է 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին դեմառդեմ հարցազրույցների միջոցով, որին մասնակցել է 1520 հարցվող։

Հետազոտության հիմնական նպատակն է ստանալ հնարավորինս համապարփակ տեղեկատվություն ՀՀ բնակիչների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ ընկալումների և վարքագծի դրսևորումների մասին։

Ուսումնասիրության ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ հարցերը կոռուպցիայի հասարակական ընկալումը Հայաստանի Հանրապետությունում, կոռուպցիոն իրավիճակներում անհատական վարքագիծը և փորձառությունը, հակակոռուպցիոն գործունեության և դրա մեխանիզմների վերաբերյալ ընդհանուր տեղեկացվածությունը և հակակոռուպցիոն անհատական վարքագիծն ու գործողությունները։

Թեպետ իրականացված հարցման արդյունքում ձևավորված պատկերի և օգտագործված հարցաշարի բովանդակության վերաբերյալ Հանձնաժողովն ունի որոշ վերապահումեր և այդ մասին նախապես հարցումն իրականացնող կազմակերպությանը տրամադրել է նկատառումներ, սակայն ստորև՝ ներկայացնում ենք Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությունից որոշակի տվյալներ.

Հարցվածների մեծ մասն այն կարծիքին է, որ Հայաստանում կոռուպցիան հնարավոր չէ նվազեցնել կամ հնարավոր է նվազեցնել միայն մասամբ։ Առավել տարածված կոռուպցիոն դրսևորումներ են համարվել հովանավորչությունը, բիզնեսի և պետական պաշտոնի համատեղումը և կաշառակերությունը։

Քաղաքացիների մեծամասնությունը, որոշ բացառություններով, ճիշտ տարբերակում է կոռուպցիոն դրսևորումները ոչ կոռուպցիոն դրսևորումներից։ Այդուհանդերձ, որոշ կոռուպցիոն դրսևորումներ չեն ընկալվում որպես այդպիսին։ Օրինակ՝ պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ գործարարությամբ զբաղվելը հարցվողների մի մեծ մասը չի համարում որպես կոռուպցիոն դրսևորումներ։

Ըստ հարցման՝ հանրային ընկալումներում առավել կոռումպացված կառույցներ են ԶԼՄ-ները, դատավորներն ու դատարանները, կուսակցությունները կամ դաշինքները, իսկ ծառայություններից կամ ոլորտներից առավել կոռումպացված են ընկալվում առողջապահությունը, ընտրական գործընթացները։ Կոռուպցիայի տարածմանը նպաստող առավել հաճախ նշվող գործոններ են հանրության կողմից օրենքներին չհետևելը, օրենքների անկատարությունը և տնտեսական ծանր վիճակը կամ աղքատությունը, իսկ կոռուպցիոն գործելակերպի հիմնական շարժառիթներ՝ խնդիրն օրինական տարբերակով լուծելու անհնարինությունը, օրենքով սահմանված առավել խոշոր վճարումներից խուսափելը և պատժից կամ տուգանքից խուսափելը։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասի ընկալմամբ՝ իրենց վրա կոռուպցիայի ազդեցությունը փոքր է կամ աննշան։ Ըստ հարցվածների մեծ մասի՝ կաշառք պահանջելու կամ ակնկալելու դեպքերի թիվը և կաշառքի չափերը ներկայումս նվազել են։

Որպես կոռուպցիայի մասին տեղեկատվության հիմնական աղբյուրներ քաղաքացիները նշել են ԶԼՄ-ները, ընտանիքի անդամներին/ազգականներին/ընկերներին/ծանոթներին և սոցիալական ցանցերը։

Որպես կաշառք վերցնելու հիմանական շարժառիթներ հարցվողները նշել են ավելի լավ ապրելու ցանկությունը, կաշառքի մի մասն ավելի «վերև» տալու պարտավորությունը և բոլորի կողմից կաշառք տալ կամ վերցնելու արդարացումը, իսկ որպես կոռուպցիայի մեջ ներքաշվելոց հրաժարվելու հիմնական պատճառ՝ առավել հաճախ նշվել է պատժվելու բարձր ռիսկը։

Հարցվածների մեծ մասը՝ մոտ 65 տոկոս տեղյակ չէ, թե Հայաստանում որ պետական մարմինները և հասարակական կազմակերպություններն են իրականացնում հակակոռուպցիոն գործունեություն։ Այդ մարմինների և կազմակերպությունների մասին տեղյակ քաղաքացիներն առավել հաճախ նշել են ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հարցմանը մասնակցած անձանց մոտ 70 տոկոսը գտնում է, որ մեծ է տեղեկատվական աջակցության անհրաժեշտությունը։ Մեծապես կարևորվել են կոռուպցիայի առնչությամբ իրենց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանող տեղեկատվությունը, այն հաստատությունների մասին տեղեկատվությունը, որոնց կարելի է դիմել պաշտոնյաների կոռուպցիոն վարքի դեպքում, և պետական մարմինների թեժ գծերի մասին ինֆորմացիան։

Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ամբողջական ուսումնասիրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Scroll to Top