Կոռուպցիայի կանխարգելումը բուհական կրթության միջոցով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սեպտեմբերի 25-ին, 26-ին և 30-ին, կազմակերպել է եռօրյա քննարկումներ ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շուրջ 30 ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկումներին ողջույնի խոսքով հանդես է եկել Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը՝ ընդգծելով կոռուպցիայի կանխարգելման գործում կրթական բաղադրիչի և երիտասարդների մասնակցության կարևորությունը: Արամայիս Փաշինյանը ներկայացրել է նաև ՀՀ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգում Հանձնաժողովի դերը և հիմնական գործառույթները, որոնք տեղ են գտել նաև առաջարկվող մոդուլում:

Քննարկումների նպատակն էր դասախոսներին ներկայացնել Հանձնաժողովի աշխատակիցների կողմից մշակված բուհական մոդուլի նախագիծը՝ ստեղծելով քննարկման հարթակ՝ դասախոսների կարծիքները հավաքագրելու, գնահատելու և հետագայում այն կրթական ծրագրերում ինտեգրելու նպատակով:

Առաջարկվող մոդուլը նպատակ ունի ուսանողների մոտ ձևավորել էթիկական վարքագիծ և անհանդուրժողականություն կոռուպցիոն երևույթների նկատմամբ:

Հանդիպումների ընթացքում դասախոսների կողմից բարձրաձայնված խնդիրները քարտեզագրվել են Մոդուլը ամբողջացնելու և առավել գործնական ու արդյունավետ դարձնելու նպատակով, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերջիններս նախագծի վերաբերյալ ներկայացնեն իրենց դիտարկումները, մեկնաբանություններն ու առաջարկները։

Scroll to Top