Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մայիսի 26-ին կազմակերպվել էր քննարկում «Կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքություն» (այսուհետ՝ Ձեռնարկ) ուսուցչի ձեռնարկի նախագծի շուրջ, որին մասնակցում էին «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում վերապատրաստված ուսուցիչները:
Հանդիպման նպատակն էր քննարկել Ձեռնարկի կիրառելիությունը կրթական գործընթացում, ինչպես նաև հավաքագրել առաջարկներ ու դիտարկումներ՝ այն տեղայնացնելու շուրջ:
Ձեռնարկի նախագիծը առաջարկում է ինտերակտիվ և մասնակցային ուսուցման նոր մեթոդներ՝ հանրային բարեվարքության համակարգի վերաբերյալ գիտելիքների ամրապնդման համար: Ձեռնարկում ներկայացված են դասապրոցեսի կազմակերպման, ուսուցիչների կարողությունների զարգացման, դասարանային և արտադասարանային ուսուցման վերաբերյալ գործիքներ և նյութեր, որոնք նպատակաուղղված են հակակոռուպցիոն գիտելիքների և հմտությունների զարգացմանը: