Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ Հանձնաժողովի և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները դեկտեմբերի 7-ին և 8-ին «Հակակոռուպցիոն քաղաքականություն և բարեվարքություն» անվանումով հանրային իրազեկման հանդիպումներ են իրականացրել Երևանի ուսումնական հաստատություններում:
Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում և Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան-ավագ դպրոցում կազմակերպած հանդիպմանը մասնակցել են ուսումնական հաստատությունների մանկավարժներ, ուսանողների և աշակերտների ծնողներ: Հանդիպման նպատակն է՝ ներկայացնել վերջին տարիներին ստեղծված գործիքակազմերը և դրանց վերաբերյալ թեմաները կիրառել հակակոռուպցիոն կրթական ծրագրերում՝ ուսանողների ու դպրոցահասակ պատանիների շրջանում թեման դարձնելով արդիական ու կիրառելի:
Որպես բանախոսներ՝ հանդես են եկել Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի, հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության աշխատակիցները և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները։
Հանդիպումների ընթացքում ներկայացվել է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունները, Հանձնաժողովի գործունեության, կոռուպցիայի կանխարգելման գործում կատարված աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն: Մասնակիցները ներկայացրել են հակակոռուպցիոն կրթության իրականացման առկա խնդիրները, հնչեցրել հարցեր: Բանախոսները պատասխանել են հարցերրին և շնորհակալություն հայտնել համագործակցության պատրաստակամության համար: