Հոկտեմբերի 8-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցի նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները որակյալ մասնագետներով համալրելու նպատակով Հանձնաժողովը պարբերաբար իրականացնում է թափուր հաստիքների մասին հանրայնացման աշխատանքներ:
Ներկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քաղաքացիական ծառայության պաշտոններից թափուր է շուրջ 15-ը: Առկա են ինչպես ղեկավար, այնպես էլ մասնագիտական թափուր պաշտոններ, որոնց մրցույթների անցկացման հայտարարությունները պարբերաբար տեղադրվում են Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջում, տարածվում նաև Հանձնաժողովի կայքում և ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տոնավաճառին մասնակցելը ևս մեկ խթան է աշխատանք փնտրող անձանց տեղեկացնելու Հանձնաժողովում առկա թափուր պաշտոնների մասին: Թափուր պաշտոններով հետաքրքրվող անձինք օրենքով սահմանված ընթացակարգը հաղթահարելուց հետո կարող են համալրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցների շարքերը: