Փետրվարի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ Հանձնաժողով) հյուրընկալվել է Համաշխարհային բանկի պատվիրակությունը՝ Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով Կառավարման հատվածի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորությամբ:
Հանդիպման սկզբում Հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Համաշխարհային բանկի մասնագիտական աջակցությունը կոռուպցիայի կանխարգելման գործընթացում:
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են կառույցի գործառույթների և լիազորությունների շրջանակը, առաջնահերթությունները, ձեռքբերումները և մարտահրավերները՝ ընդգծելով կոռուպցիայի կանխարգելման համակարգում բարեվարքության, թափանցիկության, մասնակցայնության արդյունավետ և իրագործելի կառուցակարգերի շարունակական կատարելագործման հրամայականը:
Կողմերն անդրադարձել են հակակոռուպցիոն բարեփոխումներում թվայնացման դերին, հակակոռուպցիոն ոլորտի համատեքստում առկա թվային ճարտարապետությանը՝ ներկայացնելով Հանձնաժողովի տեսլականը, քննարկվել են համագործակցության հեռանկարային ուղղությունները: