Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը՝ N 04-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2025 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունել է՝ «Կուսակցության տարեկան հաշվետվության ձևը, դրա լրացման և հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» 2022 թվականի հուլիսի 22-ի» N 04-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը։

Իրականացված փոփոխությունների արդյունքում պարզեցվել և բարելավել են կուսակցությունների տարեկան հաշվետվությունները Հանձնաժողով ներկայացնելու գործընթացը: Փոփոխությունների արդյունքում սահմանվել են՝

  1. էլեկտրոնային համակարգի միջոցով կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ներկայացնելու ընթացակարգերը,

  2. հաշվետվությունն էլեկտրոնային համակարգով ներկայացնելու անհնարինության դեպքում թղթային եղանակով ներկայացնելու ընթացակարգը,

  3. տարեկան հաշվետվության ձևում ավելացվել են համապատասխան բաժիններ, ինչը հնարավորություն կստեղծի, որ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների «Մուտքեր Ելքեր» թերթում առկա «Այլ մուտքեր» և «Այլ ելքեր» տողերը լրացնելիս նաև ներկայացվեն դրանց առանձին բացվածքները,

  4. նվիրատուների դեպքում՝ կլրացվեն նաև նվիրատուների հայրանունները (առկայության դեպքում), որը կլինի հրապարակային տվյալ,

  5. տարեկան հաշվետվության ձևից հանվել է հետազոտությունների մասին աղյուսակը,

  6. բնեղենով նվիրատվությունների հաշվարկման արդյունավետությունից ելնելով՝ սահմանվել է, որ տարեկան հաշվետվությամբ կներկայացվեն անշարժ գույքը կուսակցությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ բոլոր տվյալները, այդ թվում՝ գույքի վարձակալության կամ օգտագործան մակերես և տևողությունը:

Որոշումը պաշտոնապես հրապարակվել է 2025 թվականի նոյեմբերի 6-ին և ուժի մեջ մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/hy/acts/216049/latest:

Scroll to Top